- Պարոն Խաչատրյան գրեթե 20 տարի շարունակ Դուք զգուշացրել եք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, դոլարի հետ կապված բանկային համակարգի խափանման մասին… Այն ժամանակ ձեզ ոչ ոք չէր հավատում, սակայն այսօր այդ մասին խոսում են մասնագետներն ու փորձագետները, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են ամերիկյան եւ եվրոպական բանկերը ճեղք տվել, հասարակ եվրոպացիները բողոքում են թոշակների եւ աշխատավարձերի կրճատման դեմ… Ձեր կանխատեսումներով, ինձ թվում է, որ դուք շատ առաջ եք ընկնում, այդ պահին
անհավանական թվացող բաներ եք ասում, դրա համար
էլ ձեզ չեն հասկանում, չեն լսում կամ չեն ուզում լսել։ Դուք նաև նախազգուշացրել եք մարդկության ոչնչացման վտանգի մասին ... Բայց մարդը նմանվել է ջայլամի, որը սպառնալիքի դեպքում պարզապես գլուխը թաքցնում է ավազի մեջ…
- Կանխատեսումները դրա համար էլ կոչվում են կանխատեսումներ՝ դրանք նախապես տալու համար են, որպեսզի օգնեն խուսափել իրավիճակի անցանկալի զարգացումից կամ գոնե պատրաստվել դրան։
- Բայց մի քանի տարի առաջ դուք արդեն ասում էիք, որ այլևս հնարավոր չէ դա կասեցնել ։
- Այսօր վերահաստատում եմ, որ կասեցնել հնարավոր չէ։ Կործանարար գործընթացները կանգնեցնելու համար պետք է խոսեն մարդիկ, այլ ոչ թե համակարգերը։ Հասկացեք, որ միջազգային օրենքներն ու նորմերը չեն կարող կանգնեցնել համաշխարհային փլուզումը, միայն մարդկային կապիտալը, ուժեղ անհատն է ի վիճակի դա անել։ Այսօր բոլոր երկրների ղեկավարները հայտնվել են մատրիցայի մեջ, որը նրանց փոխարեն որոշումներ է կայացնում և աշխատում է իր օրենքներով։ Համաշխարհային լայնածավալ աղետի դեպքում, եթե մարդկության գոնե ինչ-որ հատված գոյատևի, պետք է կարողանալ ժամանակին լրացնել այն դատարկությունը, որը ձևավորվում է։ Ուստի անհրաժեշտ է աշխատել այլընտրանքային համակարգի ստեղծման վրա։ Այսօր, օրինակ, բոլորը փորձում են գուշակել, թե արդյոք բանկային համակարգը Ֆրանսիայում կգոյատևի։ Որպեսզի նա ողջ մնա, կրճատում են թոշակներն ու աշխատավարձերը… Եվ մինչև ե՞րբ: Ես բազմիցս հրապարակավ արտահայտվել եմ այս թեմայի շուրջ, անհնար է կանգնեցնել գործող մատրիցան, համակարգային մեխանիզմները՝ միջազգային բանկերի, միջազգային օրենքների, նորմերի, Հռոմեական ստատուտների, կազմակերպությունների տեսքով, քանի որ դրանք ի սկզբանե ստեղծվել են սեփական շահի, իրենց նյութական բազայի շահի, այլ նպատակների և ուղենիշների հիման վրա: Մենք չենք կարող պայքարել գործող մատրիցայի դեմ, բայց այսօր այն ինքնաոչնչացվում է՝ դրանով իսկ օգնելով մեզ։ Ամբողջ խնդիրն այն է, որ 21-րդ դարի մարդկությունն ի վիճակի չէ նոր արդար և նորմալ մեխանիզմներ ստեղծել, քանի որ այսօրվա աշխարհը մերժում է ընտանեկան և համամարդկային արժեքները: Իսկ ինչ համակարգ, մեխանիզմներ և նորարարություններ կարող է ստեղծել անբարոյական և արատավոր մարդը: Իրական մարդկային առաջնահերթություններն այսօր օտար մարմին են դարձել մարդկության կառավարման համաշխարհային համակարգում, դրանք խանգարում են, դրա համար էլ հետևողականորեն ոչնչացվում են 2000 տարի շարունակ: Մարդու էվոլյուցիայի հետ մեկտեղ յուրաքանչյուր ժամանակ առաջացրել է մարդկային զանգվածների կառավարման իր գործիքները։ Միասնական մարդկության ստեղծման պատմությունը նենգափոխվեց տարբեր կրոնների կողմից, ավելին, օրինակ, իմաստության խորհրդանիշը՝ օձը, սկսեց մեկնաբանվել որպես սատանա, խնձորը պտղաբերության խորհրդանիշի փոխարեն վերածվեց մեղավորության պտղի և այլն: Այսօր մարդկանց կառավարման նման մեխանիզմներ են դարձել միջազգային օրենքները, միջազգային կառույցների նորմերն ու որոշումները, որոնք ֆինանսավորվում են մեկ կենտրոնից: Այս 2000 տարիների ընթացքում մեր մոլորակը մարդկանց որոշակի շրջանակի համար դարձել է հարստացման միջոց։ Այն ամենը, ինչ անվճար տվել է մարդուն, ինչպես ուզում եք անվանեք՝ Աստված կամ բնությունը, վերածվել է առքուվաճառքի առարկայի ՝ ընդերք, նավթ, գազ, ջուր, քառ. մետր… Այս արատավոր աղտոտումը, որին մեր երկրագունդը ենթարկվել է մարդկանց կողմից, հանգեցնում է մեր մոլորակի կործանմանը:
- Այդ դեպքում ինչ պետք է անենք մենք՝ մարդիկ, ովքեր
գիտակցում են գործող մատրիցայի ողջ կործանարարությունը։
- Պետք չէ արհեստական մեխանիզմներ հորինել։ Յուրաքանչյուր նորարար պատվերով ինչ-որ բան կստեղծի իր շահի և հարստացման համար: Նա չի հոգա, թե ինչպես է այս նորարարությունը որոշ ժամանակ անց արձագանքելու ամբողջ մարդկության համար: Այսօր ամբողջ աշխարհը խոսում է միայն արհեստական ինտելեկտի մասին։ Բայց հնարավո՞ր է արդյոք մարդկային հոգին, ցավը, ուրախությունը, բարոյական հիմքերը ներբեռնել այս ինտելեկտի մեջ: Այս անհոգի մեխանիզմի մեջ, որը գործում է առաջադրված նպատակի համար… Վաղ մանկության տարիներին սեռափոխության թույլատրելիության մասին օրենքներ, անչափահասների ծառայությունը ստեղծելով, ծնողներից սեփական երեխային կրթելու և խնամելու իրավունքը խլելով և այդ դաստիարակությունը փոխանցելով պետությանը. ստեղծելով արհեստական արգանդ, որը մոր փոխարեն 9 ամիս կրում է պտուղը, արհեստական ինտելեկտով հիանալով մարդկությունը ստորագրում է իր մահվան հրամանը: Մեզ վերածում են անսիրտ և անուղեղ կենսազանգվածի, որը հեշտ է կառավարել: Ես բազմիցս ասել եմ, որ արդեն երկիրն ինքը (Աստված, բնությունը) չի դիմանում այս կեղտին, ուստի այսօր մեր քաղաքակրթությունը ոչնչացման վտանգի տակ է: Իսկ ի՞նչ եք կարծում, նյութական բազան կարո՞ղ է փրկել որևէ մեկին գլոբալ աղետի դեպքում։ Արդյոք թուրք մեծահարուստների ոսկին, փողը, բանկային հաշիվները փրկե՞լ են նրանց և իրենց ընտանիքները երկրաշարժից: Եվ արդեն կարևոր չէ, թե ինչպես կկործանվի մեր մոլորակը, արդյոք միջուկային պատերազմի, երկրաշարժերի, ցունամիի, ջրհեղեղների, երկնաքարի միջոցով... Արդյունքը
նույնն է։
Այսօր մենք պետք է օգտագործենք բնական ներուժը, որը մարդու մեջ դրված է հենց բնության կողմից, այն բնական հիմքը, որի վրա ստեղծվել է մեր ամբողջ աշխարհը: Մայրությունը, ծնողական բնազդն ու արժեքները, համամարդկային ու ընտանեկան արժեքների կրող մարդկային բանականության հետ զորակցելով, կարող են կասեցնել պատերազմները, ստեղծել մարդասեր պետություններ, մեխանիզմներ, օրենքներ, նորմեր, ինստիտուտներ ու գիտություն: Պետք չէ մարդուց խլել նրա հոգին, արժեքները, բնազդները, բանականությունը։ Սա վաղ թե ուշ խափանելու է ցանկացած համակարգ, որը սառնասրտորեն մշակված է անհոգի, անբարոյական ու հաշվենկատ, թեկուզև հանճարեղ, մարդկային կամ արհեստական բանականության կողմից։
- Պարոն Խաչատրյան, դրա համա՞ր է, որ աջակցում եք մայրական ուղերձը՝ ի դեմս "Մայրեր առանց սահմանների"շարժման:
- Մայրական ինտուիցիան և բնազդը ի վիճակի են ճանաչել սպառնալիքները և դրդում են երեխաների, իրենց տան, պետության, ընտանեկան արժեքների անձնուրաց պաշտպանությանը: Այս բնազդը համարվում է բնության հիմնական օրենքներից մեկը, երբեմն մայրական սերը կոչում են կույր: Մինչդեռ կույր մայրական սերը առանց մարդկային բանականության նույնքան վտանգավոր է, որքան ռոբոտը՝ արհեստական ինտելեկտով օժտված, սակայն սիրուց զուրկ։ Իսկ դուք չեք մտածել, թե ինչու՞ է հայրենիքը կոչվում "Մայր հայրենիք"։ Հենց այն պատճառով, որ առանց մոր հայրենիք գոյություն չունի։ Ո՞վ է պաշտպանելու և զոհաբերելու իր կյանքը հանուն անսիրտ տարածքի: Հանգամանքները՝ միջուկային պատերազմի գլոբալ սպառնալիքի առկայության տեսքով, մայրերին դուրս բերեցին պայքարի նոր մակարդակի` հանուն մարդկության փրկության: Նրանք միավորում և համախմբում են իրենց շուրջը բարձր ինտելեկտ և մտածողություն ունեցող ուժեր՝ բարոյական առաջնահերթությամբ։ Եվ նոր աշխարհակարգի հիմքը պետք է լինի ծնողական բնազդը՝ հիմնված սիրո և արժեքների վրա՝ համակցված մարդկային ինտելեկտի հետ։ Հենց այս բնական միացությունն է, որ պետք է հիմք հանդիսանա մարդկության նոր բնօրրանին, մարդկության գոյատևման և զարգացման համար համաշխարհային համակարգի ստեղծման նոր մոդելին: Եվ կարևոր չէ, թե մարդիկ հետագայում ինչպես կանվանեն մարդկության այս բնօրրանը, շատ ավելի կարևոր է այն ստեղծել, այդ դեպքում յուրաքանչյուր երկիր և ժողովուրդ դրա հիման վրա հանգիստ կարող է ստեղծել մարդասեր հիմնարար փաստաթղթեր և մեխանիզմներ սեփական պետության համար՝ չվնասելով հարևաններին։ Եվ միայն այս հիմքի առկայության դեպքում, մարդկանց համար /այլ ոչ թե բիոռոբոտների միջոցով/ հնարավոր կլինի տիրապետել այլ գալակտիկաներին, և զարգացնել գիտությունը, բժշկությունը և կրթությունը մարդկության համար ճիշտ ուղղությամբ: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ այս փրկարար հայեցակարգը հասցնել մարդկությանը, լինի դա դաստիարակություն, հոգևոր կրթության, մշակույթի կամ այլ հաստատությունների միջոցով, որոնք, հավատացեք, կծագեն և կծառայեն այս նպատակին:
- Խոսելով հոգևոր կառույցների մասին՝ դուք պատահաբար թե՞ միտումնավոր բաց եք թողել եկեղեցին և հոգևորականներին:
- Նպատակ չունենալով դիպչել հավատացյալների կրոնական զգացմունքներին, այնուամենայնիվ, ուզում եմ ուշադրություն հրավիրել ուշագրավ փաստերի վրա, օրինակ, թե ինչպե՞ս պատահեց, որ Սուրբ ինկվիզիցիայի տարիներին ավելի քան 1 միլիոն կին և աղջիկ այրվեցին միայն մեկ բառի համար՝ "Սեր"։ Ինչու՞ է եկեղեցին իր բազմաթիվ կանոններով այդքան վարկաբեկում կանանց, ինչու է այդքան անարդար կնոջ, մոր և երեխայի նկատմամբ։ Աբսուրդ է, որ եկեղեցին իր հոգևորականների համար ընտրել է կուսակրոնության հակաբնական օրենքը։ Ի վերջո, ընտանիք և երեխաներ ունենալը նույնքան անհրաժեշտ և բնական է, որքան քեզ լույս աշխարհ բերած մորը սիրելն ու պաշտպանելը: Այդ դեպքում ու՞մ է ծառայում եկեղեցին և ու՞մ է պաշտպանում։ Նույնիսկ գոյություն ունի այնպիսի տերմին, ինչպիսին է "միսոգինիա"ն, կնատյացությունը։ Եվ հսկայական անդունդ կա այն կուռքի միջև, որը ստեղծվել է կնոջից՝ Աստվածածնի տեսքով, և եկեղեցու իրական վերաբերմունքի՝ իրական կնոջ նկատմամբ:
- Դուք քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրի ներկայացուցիչն եք։ Աշխարհում կան շատ հավատացյալ կանայք, ովքեր աղոթում են նույն Աստվածածնին և ոմանց դուր չեն գալիս ձեր դատողություններն այս թեմայով…
- Ես այսօր էլ հպարտ եմ իմ ծագմամբ։ Բայց թույլ տվեք, այնուամենայնիվ, կատակել այս թեմայի շուրջ՝ քաշելով երջանիկ Երկնային տոմս, ոմն մեկը անասելի բախտ է ունեցել ծնելու Ամենա Ամենայից, իսկ մյուսներն՝ ի՞նչ անեն, հերթ կանգնե՞ն։ Իսկ եթե լուրջ, ապա ես կարծում եմ, որ Աստված պետք է լինի յուրաքանչյուր մահկանացու սրտի և հոգու մեջ, ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա ես շատ հարցեր եմ կուտակել՝ նրանց հասցեագրված։ Բայց կրկնում եմ՝ յուրաքանչյուրն ազատ է հավատալ ում և ինչին ուզում է, դրա հետ մեկտեղ, ամենակարևորը, չանջատել բանականությունը։
Խմբագրության կողմից. 2003 թվականից ի վեր մենք հրապարակել ենք Արբակ Խաչատրյանի բազմաթիվ
հոդվածներ, որոնցում նա զգուշացնում էր աշխարհաքաղաքական սպառնալիքների մասին և գործնական խորհուրդներ տալիս, թե ինչպես շրջանցել դրանք: Ցավոք, այդ նախազգուշացումներին չէին հավատում և խորհուրդները չէին լսվում։ Այսօր մեզ հետաքրքրեց "մայրեր առանց սահմանների" շարժումը և կապ հաստատեցինք շարժման համահիմնադիր, "Մայր Հայաստան 21-րդ դար" կոմիտեի նախագահ Գայանե Գասպարյանի հետ, ով տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Երևանում տեղի կունենա "Մայրեր առանց սահմանների" միջազգային համաժողովի նախապատրաստական կոնգրեսը։ Կոնգրեսի ընթացքում մայրերը մտադիր են դիմել շարժման գաղափարախոս Արբակ Խաչատրյանին և հորդորել նրան դառնալ իրենց շարժման ղեկավարը: Գայանե Գասպարյանի խոսքով՝ Արբակ Շահումյանիչի հետ շփման ընթացքում գաղափար է առաջացել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Երևանում, ստեղծել գերտերությունների առաջնորդների բանակցությունների միջազգային հարթակներ՝ համաշխարհային քաոսից դուրս գալու լուծումներ գտնելու համար: Չէ՞ որ աշխարհում ստեղծվել են արհեստական հիմունքներով և գործում են բացառապես անձնական շահի վրա՝ տարբեր տեսակի խոշոր կենտրոններ՝ զվարճանքի, ֆինանսական և այլն: Իսկ ինչու՞ մայրերը, ելնելով իրենց համոզմունքներից և մայրական սրտի կոչից, չեն կարող իրենց բնական նպատակի և արժեքների հիման վրա ստեղծել միջազգային կենտրոններ՝ մեծ տերությունների առաջնորդների բանակցությունների համար՝ հանուն մարդկության փրկության: Գայանե Գասպարյանի համոզմամբ՝ Բանականությունն ու Սերը միշտ փրկող ելք կգտնեն ամենաբարդ համաշխարհային քաոսային իրավիճակներից:
P.S.։ Խմբագրությանը նաև հայտնի է դարձել, որ մայրերն արդեն նամակներ են ուղարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՝ խնդրելով հանդիպել և միջանկյալ բանակցություններ վարել Երևանում: